Մուսալեռում սպանություն գործած անհայտ անձի ինքնությունը պարզվում է

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի ռեստորանային համալիրում հունվարի 6-ի կեսգիշերին կրակոցներ արձակած անհայտ անձի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը: Ըստ ոստիկանության՝ հունվարի 6-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքի հետքով իրենց մոտ է տեղափոխվել 1994 թ. ծնված Արամ Կարապետյանի դիակը: Նույն օրը, ժամը 02.30-ին, ոստիկանությունում մեկ այլ հաղորդում է ստացվել, որ ձախ ազդրի հրազենային վնասվածքով Երեւան քաղաքի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 1981 թ. ծնված Արմեն Խ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.10-ի սահմաններում, Մուսալեռ գյուղում գտնվող ռեստորանային համալիրում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը հրազենային կրակոցներով սպանել է Արամ Կարապետյանին եւ հրազենային վնասվածք պատճառել Արմեն Խ.-ին: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տ/չ 3 պարկուճ եւ 1 գնդակ: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզում այսօր՝ հունվարի 6-ի կեսգիշերին, հնչած կրակոցներից ձախ ազդրի շրջանում վնասվածք ստացած 35-ամյա Արմեն Խլղաթյանի վիճակը բավարար է, համապատասխանում է իր ստացած հրազենային վնասվածքի բարդության աստիճանին: Արմեն Խլղաթյանը՝ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի գյուղապետը, Վերակենդանացման բաժանմունքում է: Գյուղապետի վիրահատությունը հարթ է ընթացել: Ըստ վիճակի կայունացման՝ նա մոտ օրերս կտեղափոխվի հիվանդասենյակ:

Просмотрено 0 раза
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով